Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ժողովրդավարությունը մեռնում է հենց կուսակցության ներսում

Ժողովրդավարությունը մեռնում է հենց կուսակցության ներսում
13.11.2018 | 01:11

Նոր Հայաստանի ձեռքբերումներից մեկն էլ, ըստ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, պետք է իրական ու արժեքային ժողովրդավարության հաստատումը լինի: Այն, որ Հայաստանում ժողովրդավարությունը կայացած չէ, բոլորս գիտենք, իսկ ամենաոչժողովրդավարական կառույցները կուսակցություններն են, որոնք այս օրերին նախընտրական թոհուբոհի մեջ են: Վերջիններս ակտիվորեն քննարկում են, որոշում են, գրում ու ջնջում են, թե իրենց համամասնական ու վարկանիշային ցուցակներում ինչ անձինք են ներկայացված լինելու, մոռանալով, որ այդ ամենը, ըստ ժողովրդավարության կանոնների, կատարվում է ոչ թե կուսակցության առաջնորդի անձնական քմահաճույքով, այլ քվեարկությամբ: Ընտրական պայքարից առաջ կարևոր ու անհրաժեշտ է, որ առաջադրվող թեկնածուները ելույթներ ունենան, ներկուսակցական բանավեճեր լինեն, ի վերջո, հանձն առնեն, որ պատասխանատու են թե՛ իրենց կուսակից ընկերների, թե՛ հասարակության առջև՝ պահպանելու կուսակցության գաղափարախոսությունն ու անշեղորեն հետևելու որդեգրած քաղաքականությանը:


Իշխանափոխությունից հետո հասարակության մի ստվար զանգված հույս ուներ, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «ուղիղ ժողովրդավարության» մասին ելույթներն իրականություն են դառնալու: Դրա անհնարինությունը, սակայն, պայմանավորված է հենց այն փաստով, որ իշխող քաղաքական ուժն իր ներսում անգամ ժողովրդավար չէ: Ինչպես կարող ես հավատալ մի կուսակցության որդեգրած ժողովրդավար մոտեցմանը, երբ նախկին իշխանությունների համար ձայներ ապահոված դեմքերն այժմ էլ առաջադրվելու են գործող իշխանության ընտրական ցուցակներով: Անգամ հոգով ու սրտով հավատալու դեպքում անհնար է պատկերացնել, որ ներկուսակցական ժողովի կամ քննարկման արդյունքում է որոշվել վերջիններիս առաջադրելու հարցը: Հակառակ պարագայում, ներսում ընդդիմացող գոնե մեկը կլիներ ու կարտահայտվեր այդ մասին:
Կուսակցությունները նման հապճեպ ձևով ցուցակներ կազմելու գործընթացը, թերևս, պատճառաբանեն ընտրությունների սուղ ժամանակով, բայց հատկապես նոր ձևավորված ուժերը և գործող իշխանությունը, գոնե նախորդներից տարբերվելու և ասածները հաստատելու համար, ցուցակներ կազմելիս պետք է հաշվի նստեն կուսակիցների կարծիքի հետ: Այլապես այդպես էլ սին կմնան ժողովրդավարության մասին խոստումները, և այն կմեռնի հենց կուսակցության ներսում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ